Հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը Ռուսաստանում կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր. Պուտինի հրատապ որոշումը

Ռուսաստանում COVID-19-ի և սեզոնային այլ վիրուսների տարածման հետ կապված համաճարակաբանական իրավիճակը բարդանում է, երկրում նկատվում է դեպքերի կայուն աճ, նախագահին և կառավարության անդամներին ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Նոր կորոնավիրուսային վարակի և սեզոնային այլ վիրուսների տարածման համաճարակաբանական իրավիճակը հակված է ավելի բարդանալու: Մեկ ամսից ավելի է, ինչ մենք տեսնում ենք դեպքերի կայուն աճ, իսկ այսօր՝ օրական COVID-19-ով հայտնաբերված դեպքերի թիվը մոտենում է 35 հազարին», – ասաց նա:

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան կորոնավիրուսից մահացությունը կրիտիկական է անվանել 18 մարզերում: Ըստ Գոլիկովայի՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման միջին մակարդակի գերազանցումը ներկայումս գրանցված է 35 մարզերում:

Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի աճը պայմանավորված է սահմանափակող միջոցների չպահպանմամբ և պատվաստումների անբավարար ցուցանիշներով, ասել է Գոլիկովան:

«Այս տարի դեպքերի աճը սկսվեց օրական մեծ թվերով, որոնց պատճառները սահմանափակող միջոցների չկատարումն էին և պատվաստումների անբավարար ցուցանիշները»,-ասաց Գոլիկովան:

Նա առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել ոչ աշխատանքային օրեր և սահմանել մի շարք այլ հակահամաճարակային միջոցառումներ։

Պուտինը ընդունել է առաջարկությունը և նշել, որ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը Ռուսաստանում կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր։ Նա չի բացառել, որ ոչ աշխատանքային օրերը հնարավոր է երկարաձգվեն։ Նա հորդորել է ակտիվացնել պատվաստումային գործընթացը։

Գոլիկովան կոչ է արել նաև խստացնել հակահամաճարակային միջոցառումները բոլոր տեսակի տրանսպորտների համար:

Previous Post Next Post