Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Ինչպես հայտնի է, երեկ կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած նախկին պաշտոնատար անձինք կալանավորված են, բայց նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ նախկին նախարար Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչը ԱԱԾ-ին խանգարում է քրեական գործով առաջ շարժվել եւ մեղավոր անձանց շրջանակը պարզել: Ասել է թե՝ ԱԱԾ-ն շունչը պահած սպասում է, թե երբ երկամսյա կալանքի տակ գտնվող Տոնոյանը ցուցմունք կտա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ հարցաքննության կհրավիրվի նաեւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաեւ նրան:

Նշենք, որ փաստացի ԱԱԾ-ում պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործով կա երեք մեղադրյալ՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, եւ երեկ ձերբակալվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը»:

Previous Post Next Post