Նոյեմբերի
15-ին Երասխահուն գյուղում դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին 13 տարեկան աղջիկ
էին առևանգել, ինչի մասին ահազանգել էր վերջինիս մայրը:
«Պարզվել է, որ նրան, ամուսնության նպատակով, իր «ՎԱԶ-2107»
մակնիշի մեքենայով, ընկերների հետ, առևանգել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ»,- այս մասին «Առաջին»-ին հաղորդում են Ոստիկանությունից:
Նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման
կենտրոնից նոր ահազանգ է ստացվել՝ այս անգամ անչափահասին փախցրած երիտասարդի
ընտանիքի անդամների կողմից: Վերջիններս հաղորդել են, որ աղջկա հարազատները վնասել
են իրենց մեքենան, ծեծել ընտանիքի անդամներին։
Օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի
16-ին երիտասարդը Ծաղկալանջ գյուղում հայտնաբերվել և աղջկա հետ, իր մեքենայով
հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Նույն օրը Երասխահուն գյուղից բերման են
ենթարկվել նաև նրա ընկերները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ներկայացվել
են Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: