ՌԴ նախագահի կողմից
առաջարկված սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ առաջարկում խոսքը զրոյական
կետից սկսելու մասին է, և ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը այդ աշխատանքներին
մասնակցելու մասին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց
«Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության
հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ի հավելումն այս հարցի՝
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ
ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ ՌԴ-ն գրավոր ծանուցում է ստացել։
«Այն պահին, երբ
որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ
է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին»։
Հարցին` ինչու
հանրությանը նախապես չի իրազեկվել ՌԴ նախագահի առաջարկած սահմանազատման վերաբերյալ
առաջարկի ընդունման մասին, Աղաջանյանը նշեց.
«Վարչապետը բազմիցս
հայտարարել է, որ ՀՀ-ն հետաքրքրված է և շահագրգռված է այս գործընթացը սկսելու մեջ։
ՀՀ-ն ընդունել է այդ առաջարկը, գրավոր ծանուցել ռուսական կողմին, հանձնաժողովի
ձևավորումից հետո կսկսվեն աշխատանքները։ Չեմ հասկանում «ժողովրդի թիկունքում»
գործելու արտահայտության տրամաբանությունը։ Բովանդակության մասին վաղ է խոսել, այս
պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ»։
Ինչ վերաբերում է ՌԴ-ին
դիմելու և ստեղծված իրավիճակում օգնություն ստանալուն, Աղաջանյանը նշեց.
«Հայաստանը դիմել է
Ռուսաստանին աջակցություն ստանալու համար, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ
տարածքային ամբողջականությունը և հենց այս կոնտեքստում պետք է դիտարկել
սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ՌԴ-կ արած առաջարկը։ Ակնկալվում է, որ
այդ գործընթացի արդյունքում այդ խնդիրը կլուծվի։ ՌԴ-ին դիմելը ինքնանպատակ չէ, այս
պահին կարևոր է ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը»։
Անդրանիկ Քոչարյանը,
անդրադառնալով նոյեմբերի 16-ի դեպքերից հետո հայկական կողմի ունեցած կորուստներին,
նշեց.
«Այս պահի դրությամբ
հաստատվել է 6 զոհի տեղեկատվությունը, մնացածի վերաբերյալ ճշգրտումներից հետո
լիազոր մարմինը կներկայացնի։ Իսկ գերիների մասով որևէ շահարկումներ չպետք է թույլ
տալ»։
Նույն հարցի վերաբերյալ
Աղաջանյանն ընդգծեց.
«ՀՀ-ն ամեն ինչ անելու
է գերեվարվածներին վերադարձնելու համար, բայց պետք է հասկանանք, որ սա իրավական
պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի
պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում են մեր
հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում, սա բխում է իրավական պետության
տրամաբանությունից»։
Ինչ վերաբերում է
սահմանային իրավիճակին, Քոչարյանը հավելեց, որ այս պահին հարաբերականորեն կայուն
է.
«Դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք, պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որ հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով ներքին լարվածություն առաջացնել։ Դա կբերի միայն մեր զինված ուժերում լրացուցիչ կորուստների»։