Գերի ընկած Տարոնին, դաժանաբար ծեծելով, հասցրել են մահվան. դիակն անճանաչելի էր

Ընտանիքի անդամները մինչև վերջին պահն էլ չեն իմացել, որ Տարոնի աճյունն է Մուրադովը իր հետ Բաքվից տեղափոխել Երեւան: Ավագ լեյտենանտը ծնունդով Տավուշի մարզի Ոսկևան գյուղից էր, որոշ ժամանակ այդտեղ ապրելուց հետո, նա տեղափոխվում է Կողբ գյուղ, հետո նորից վերադառնում Ոսկևան գյուղ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ոսկևան համայնքի ղեկավար Վոլոդյա Ղազինյանը: 

Վերջինս պատմեց, որ 2012 թվականից Տարոնը ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող: 2015 թվականին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ստացել սպայական կոչում՝ լեյտենանտ: «Խիզախ, հայրենասեր, նպատակասլաց, հայ սպայի լավագույն օրինակ էր Տարոնը: Նա խիզախաբար մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին: Ընտանիքում միջնեկ երեխան էր, 3 եղբայր էին, ամուսնացած էր և ունի մեկ մանկահասակ որդի: Տարոնի հայրն էլ է երկար տարիներ եղել է զինվորական»,-մեր զրուցակիցն այսպես ներկայացրեց նոյեմբերի 14-16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերին մասնակցած և զոհված լեյտենանտ Տարոն Սահակյանին: 

Զրուցեցինք նաև Կողբ համայնքի նախկին ղեկավար Արսեն Աղաբաբյանի հետ, որն ասաց՝ ընտանիքի անդամները Տարոնի գերեվարված լինելու մասին իմացել են համացանցում հայտնված գերիների լուսանկարներից. «Ընտանիքի անդամները, երբ կապի չեն կարողացել դուրս գալ Տարոնի հետ, համացանցում տեղ գտած գերիների լուսանկարները թերթելիս, ցավոք սրտի, տեսնում են նրանց մեջ նաև Տարոնին և այդտեղից էլ իմանում, որ նա գերեվարված է»,- նշեց Արսեն Աղաբաբյանը: Նա ասաց, որ ադրբեջանցի զինվորները իր համագյուղացու դիակն ամբողջովին անճանաչելի էին դարձրել. «Դիակն ամբողջովին խոշտանգված է եղել: Հեռախոսով տեսա նկարը և մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ, պատկերը սարսափելի էր:

Մեզ հասած տվյալներով՝ նրան դաժան ձևով են սպանել, ծեծելով հասցրել են մահվան»,- ասաց մեր զրուցակիցը: Վերջինս համոզված է, որ եթե հայերի մեջ չլիներ դավաճան, ապա Տարոնը իր ընկերներով գերի չէր ընկնի. «Տարոնը և իր զինակիցներն ադրբեջանցիների էին գերի վերցրել, բայց կես ճանապարհին, չգիտենք, թե որ դավաճանի հրամանով, ասել են՝ ետ ուղարկեք գերիներին, մեր տղերքը հետ են տարել ու գերի ընկել»,- ցավով ասաց Արսեն Աղաբաբյանը՝ հավելելով, որ Տարոնը իր տեսակով չհանձնվող էր:

Previous Post Next Post