Ոստիկանությունը Երևանում իրականացրել է «Ջութակդ սպանում է քեզ» օպերացիան. կան ձերբակալվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Ջութակդ սպանում է քեզ» անունը։

Օպերացիայի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արսեն Օ-ին, 38-ամյա Գեորգի Չ-ին, Արարատի մարզ բնակիչ՝ 41-ամյա Ռուբեն Կ-ին։ Վերջիններս եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով և նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա սրվակ, փայլաթիթեղի մեջ էլ՝ փաթեթավորված ընդհանուր՝ 1.56 գրամ քաշով և պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.63 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, իսկ մյուսները բաց են թողնվել։ Նույն օրը Հասրաթյան փողոցից նույն կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Քյարամ Ա-ին, 47-ամյա Արսեն Կ-ին և 59-ամյա Սարգիս Ս-ին։ Վերջիններս նույնպես եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.53 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 0.92 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, իսկ երկուսը բաց են թողնվել։  Նույն օրը Նար-Դոսի փողոցից նույն կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Հրաչ Բ-ն և 41-ամյա Լեոնիդ Ն-ն։

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.88 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Ում մոտ, որ հայտնաբերվել է թմրամիջոցը, նա ձերբակալվել է, իսկ մյուսը բաց է թողնվել։ Նույն օրը Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում գտնվող գետնանցումից նույն կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Նաթելլա Մ-ն և 25-ամյա Անժելիկա Մ-ն։ Վերջիններս եղել են Mazda մակնիշի ավտոմեքենայով։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 0.45 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, մյուսը բաց է թողնվել։ 

Նույն օրը Խանջյան փողոցից նույն կասկածանքով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նույն կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Նոյ Ս-ին, ում մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.17 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։  Նոյ Ս-ն բաց է թողնվել։  Նույն օրը Մյասնիկյան պողոտայից նույն կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ՝ 47-ամյա Արթուր Հ-ն և 74-ամյա Իսկանդար Մ-ն։

Վերջիններս եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթեթավորված ընդհանուր՝ 0.16 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։ Ում մոտ, որ հայտնաբերվել է այդ ամենը, նա ձերբակալվել է, մյուսը բաց է թողնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր փաստերով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ։

Օպերացիայի անունը «Ջութակ» է դրվել, քանի որ քրեակատարողական հիմնարկներում և բանտերում ներարկիչին անվանում են «Ջութակ»։ 

Previous Post Next Post