Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները շարժական
հերթապահ խմբերի կազմում բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել БТР-82А ժամանակակից
զրահափոխադրիչներով և «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներով՝ անցնելով ընդհանուր օգտագործման
և գրունտային դժվարանցանելի ճանապարհներով Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «Առաջին»-ին հայտնում
են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հերթապահության ընթացքում կողմերի սահմանազատման գծի
երկայնքով խաղաղապահները հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկողություն են իրականացրել,
ինչպես նաև հարցում իրականացրել բնակիչների շրջանում:
«Այսօր մենք մոնիթորինգ ենք իրականացնում Ասկերանի շրջանում՝
կողմերի միջև սահմանազատման գծի երկայնքով, վերահսկում ենք իրավիճակն՝ անվտանգության
ապահովման շրջանակում: Երբեմն կանգառներ ենք անում համայնքներում, շփվում ենք տեղի
բնակիչների հետ խաղաղության համաձայնագրի խախտումների թեմայով»,- ասել է խաղաղապահ
զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի
և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ
պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին
են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր
Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։