Եթե ունեք ջերմություն, հազ, ապա մի շտապեք ընդունել հակաբիոտիկներ. մասնագետները մտահոգված են

Հայաստանում կորոնավիրուսի պայմաններում հակաբիոտիկների օգտագործումը լայնորեն տարածվել է, ինչը լուրջ մտահոգության առիթ է դարձել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2020-2021 թվականներին գերակշռել է «Ազիտրոմիցին», ինչպես նաև հակասնկային «Ֆլուկոնազոլ» դեղամիջոցների օգտագործումը:  Պատճառը կորոնավիրուսի տարածումն էր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Հակաբիոտիկների չարաշահման արդյունքում մանրէները ձեռք են բերում կայունություն: Կարող է գալ մի ժամանակ, երբ սպառվի հիմնական հակաբիոտիկների խումբը և սովորական, տարրական վարակիչ հիվանդության պարագայում մենք չկարողանանք օգնել հիվանդներին, և լինեն մահվան դեպքեր: Վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:

ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանի խոսքով, երբ նոր էր սկսել համավարակը, սկզբում նույնիսկ ուղեցույցով «Ազիտրոմիցին» հակաբիոտիկն ընդգրկված էր հիմնական նշանակվող դեղերի մեջ: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ դրա նշանակումը արդյունավետ չէ:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային թոքաբորբերի մեծ մասի դեպքում բորբոքումը պայմանավորված է միայն վիրուսով, հետևաբար հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա: Գրեթե 10 տոկոսի դեպքում է հակաբիոտիկի կարիք լինում, երբ կա երկրորդային բակտերիալ վարակի միանալու հանգամանք»,- ասաց Սամվել Հայրումյանը:

Խնդրի ի հայտ գալու պատճառն ինքնաբուժությամբ զբաղվող քաղաքացիների կողմից դեղատներից հակաբիոտիկներ ձեռք բերե՞լն է, թե՞ բժիշկների կողմից նման նշանակումներ անելը: Սամվել Հայրումյանը նշեց, որ երկու մոտեցումն էլ կա: Քաղաքացիներից շատերը «թոքաբորբ» բառը լսելուն պես իրար են անցնում ու շտապում դեղատուն՝ ամենաուժեղ հակաբակտերիալ դեղամիջոցը գնելու: Մյուս կողմից՝ այսօր բուժհաստատություններում ամենատարբեր բժիշկներ զբաղվում են այդ հիվանդներով, որոնք նշանակում են հակաբիոտիկներ ու հաճախ սկսելով հենց երրորդ շարքի դեղորայքից, որոնք ռեզերվային են:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ դեղերի որոշակի խումբ, այդ թվում՝ հակաբիոտիկները, պետք է ձեռք բերվեն բացառապես դեղատոմսով, բայց քաղաքացիները շարունակում են դեղատներից առանց դեղատոմսի ձեռք բերել հակաբիոտիկներ: Արդյոք վերահսկողություն իրականացվո՞ւմ է: Ռոմելլա Աբովյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշ խմբի հակաբիոտիկների համար սահմանել է պարտադիր պահանջ՝ դուրս գրել միայն դեղատոմսով: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա մասնագետը նշեց, որ  դա նախարարության լիազորությունից դուրս է: Կան համապատասխան տեսչական մարմիններ, որոնք այդ վերահսկողությունն իրականացնում են:

Previous Post Next Post