Ոչ, Պուտինը չի փորձում ծնկի բերել Արևմուտքին. իրավիճակն ավելի բարդ է, քան թվում է. The New York Times

Եթե նայենք Ռուսաստանի՝ վերջին ամիսների վարքագծին, ապա կարելի է մտածել, որ Մոսկվան փորձում է պառակտել Արևմուտքը: Այս մասին գրում է The New York Times-ը՝ նկատելով, որ սեպտեմբերին «Վագների խումբը», որին ԶԼՄ-ները ներկայացնում են որպես ռուսական մասնավոր ռազմական խումբ, հայտնվել է Մալիում՝ հարուցելով Ֆրանսիայի բարկությունը:

Ինչպես գրում է հոդվածի հեղինակ Կադրի Լիիկը, հոկտեմբերին Ռուսաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Այդ ամսում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը մոտ 100 000 զինծառայողի է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին՝ ստիպելով ԱՄՆ-ին կրկին պատրաստվել պոտենցիալ ներխուժման: Սակայն հոդվածագիրը նշում է, որ իրավիճակն ավելի բարդ է, քան թվում է:

Ռուսաստանը նախկինի պես Արևմուտքը համարում է իր գլխավոր մրցակիցը, սակայն այն այլևս գերիշխող չէ միջազգային ասպարեզում, և Մոսկվան վերակառուցում է իր քաղաքականությունը: «Բացառությամբ Ուկրաինայի՝ Կրեմլը զգուշորեն է գործում շիկացած և բարդ աշխարհում: Մինչդեռ Արևմուտքը, Ռուսաստանին համարելով անհաշտ թշնամի, երբեմն դավադրության տեսություններ է հորինում այնտեղ, որտեղ դրանք չկան: Մոսկվան նմանօրինակ սխալ է թույլ տալիս և կարծում է, որ Արևմուտքը ցանկանում է իրեն ոչնչացնել: Այդքան հնացած հայացքները համավարակի գոնին վտանգավոր են. լավագույն դեպքում դրանք տանում են թյուրիմացության, իսկ վատագույն դեպքում՝ առճակատման: Նման իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կողմ հստակ պատկերացնի մյուսի տեսակետը»,- նշում է վերլուծաբանը:

Իր հոդվածը հեղինակն ավարտում է այն մտորումներով, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում կան անհանգստությւան իրական պատճառներ: Ահա թե ինչու է երկու կողմերին անհրաժեշտ է սթափ նայել մեկը մյուսին՝ վերականգնելով համագործակցությունն ու արդյունավետ հաղորդակցությունը:


Թարգմանությունը՝ Tert.am-ի:

Previous Post Next Post