ՊՆ փոխգնդապետը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 17։45-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Արցախյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 56-ամյա Խ. Մխիթարյանին։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Իջևան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դրանից հետո վարորդը ահազանգել է ոստիկանության Իջևանի բաժին։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետը։ Տեղում պարզվել է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության Իջևանի ծառայողները։


Դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի կայազորի քննչական վարչության քննիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ։

Ոստիկանությունն ու կայազորի քննչական վարչությունը պարզում են վարորդի ամբղջական տվյալները։

Previous Post Next Post