18-ամյա երիտասարդը մահացել է Գյումրիում «ԳԱԶել»-ի վթարից 3 ամիս անց

 

Գյումրիում 2021-ի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած «ԳԱԶելի» վթարից ամիսներ անց մահացել է 18–ամյա տուժածներից մեկը։ Տեղեկությունը «ԱՌԱՋԻՆ»-ին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։


Նշվում է, որ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանը։


«Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով»,–նշված է հաղորդագրության մեջ: Կատարվում է քննություն:


Հիշեցնենք` 2021 թ. հոկտեմբերի 20-ին առավոտյան` 07։04-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի մոտ, «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 6 մարդ զոհվել էր, 17–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ։

Previous Post Next Post