Արցախում զորակոչ լինելու է

 

Արցախի Հանրապետությունում զորակոչ չիրականացնելու մասին որևէ քննարկում, առավելևս որոշում չկա։ Այս մասին 2021-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։


«Այս պահին ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու որոշում չկա։ Ինչպես նախկինում, հիմա էլ ԱՀ-ում զորակոչ լինելու է։ Երբ նմանատիպ որոշում լինի, այդ մասին կհայտարարվի»,- ասաց նա։


Բեգլարյանի խոսքով` ոստիկանական զորքերն ընդգրկվելու են ներքին անվտանգության, ըստ անհրաժեշտության` նաև արտաքին անվտանգության պաշտպանության գործընթացներում։


Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակին արմատական փոփոխություններ են սպասվում։ Այդ փոփոխությունները, ըստ էության, սկսվել են 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց։ Ամենակարևորը, թերևս, Հայաստանից ժամկետային զինծառայողներ չուղարկելու որոշումն է։


Ավելի վաղ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անուղղակիորեն հաստատել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ Արցախի զինված ուժերն այսուհետ կձևավորվեն պայմանագրային հիմունքներով:


Պաշտոնյան այդպիսով հերքել էր բանակի լուծարման մասին լուրերը՝ հավելելով, որ խոսքը վերակազմավորման մասին է։

Previous Post Next Post