Զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության

Հունվարի 10-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում են Բերդի համայնքապետարանից։
 

Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ուժային կառույցների ղեկավարներ, այլք:
 

«Սիրելի՛ զորակոչիկներ, անփորձանք ծառայություն եմ ձեզ մաղթում: Սպասելու ենք ձեր վերադարձին և նույն վայրում, նույն կազմով գրկաբաց դիմավորելու ենք ձեզ»,-իր ելույթում նշել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը:
 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը, դիմելով զորակոչիկներին, ասել է. «Այսօր միայն բարեմաղթանքի խոսքեր եմ ուզում հնչեցնել, քանի որ խորհուրդներ ձեր ծնողներից և ուսուցիչներից ստացել եք: Մաղթանքս է, որ պատվով կատարեք ձեր ծառայողական պարտականությունները և առողջ ու անփորձանք վերադառնաք ձեր օջախները»:
 

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը ևս անփորձանք ծառայություն է մաղթել զորակոչիկներին: Ապա դիմելով ծնողներին՝ նշել է. «Զորակոչիկների հարգելի՛ ծնողներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ առյուծ զավակներ եք դաստիարակել և ուղարկում եք նրանց՝ հայրենիքը հզորացնելու: Խաղաղ ծառայություն եմ մաղթում ձեր որդիներին»:
 

Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը նույնպես իր բարեմաղթանքներն է հղել զորակոչիկներին, ապա Տերունական աղոթքով և օրհնությամբ ճանապարհել նրանց ազգային բանակ. «Այսօր մեր բանակը վիրավոր է, խոցված է, բայց ծնկած չէ, պարտված չէ... Այսօր էլ մեր բանակը կատարում է իր խնդիրը և ավելի, քան երբևէ բոլորիս հոգատարության կարիքն ունի: Բոլորիս սրբազան պարտքն է սատար կանգնել մեր բանակին և օգնել, որ հնարավորինս շուտ կարողանա մեջքը շտկել: Սիրելի՛ զորակոչիկներ, խնդրանքս մեկն է. գնացե՛ք և ձեր ներկայությամբ ուժեղացրեք մեր բանակը»:

Previous Post Next Post