Մոսկվայում մեկնարկել է հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկում է Մոսկվայում այսօր առաջին անգամ հանդիպում են հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակություններն առավոտյան ժամանել են Մոսկվա, բանակցություններն արդեն մեկնարկել են։ Ռուբինյանի ու Քըլըչի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների առանձնատանը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 11-ին։ Թե ովքեր են պատվիրակությունների կազմում՝ դեռ չի հաղորդվել, բանակցություններն անցնում են փակ ռեժիմով։

Հանդիպման օրակարգի մասին ևս կողմերը դեռ մանրամասներ չեն հայտնել։ Հայաստանն ակնկալում է, որ երկխոսության արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, կբացվի հայ-թուրքական սահմանը, հանդիպմանն ընդառաջ երեկ հայտարարել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Previous Post Next Post