Հայկական տեղանունները Google-ում փոխարինվել են ադրբեջանականով

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Ղարաբաղի մի շարք հայկական տեղանուններ Google Maps հավելվածում փոխարինվել են ադրբեջանականով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասել է ադրբեջանական տիեզերական գործակալության («Ազերկոսմոս») նախագահ Սամեդին Ասադովը։


Դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել էր Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղում գտնվող տարածքների հայկական անվանումներից։


Հունվարին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ էր հղել Google ընկերությանը՝ կոչ անելով չհեռացնել հայկական աշխարհագրական անվանումները թվային քարտեզներից։ Այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի քաղաքների և շրջանների անունները Google Maps հավելվածում նշված են ադրբեջաներեն և հայերեն տարբերակներով:


«Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից էլեկտրոնային անվտանգության կենտրոնը Google-ի հետ բանակցությունները շարունակում է Ղարաբաղում բնակավայրերի անվանումները ընկերության որոնողական համակարգի քարտեզներում ադրբեջաներեն ցուցադրելու համար։ Այդ համագործակցության արդյունքում մի շարք անուններ արդեն փոխվել են»,- ասել է Ասադովը։

 

Նա նաև վստահություն է հայտնել, որ որոնողական համակարգն ապագայում քարտեզներից ամբողջությամբ կհեռացնի Ղարաբաղում հայկական աշխարհագրական անվանումները:

Previous Post Next Post