Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ կհատկացնի ճանապարհների հիմնանորոգման համար

 

Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ կհատկացնի Հանրապետության տարբեր մասերում ճանապարհների հիմնանորոգման, վերականգնման և նախագծման աշխատանքները իրականացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:


«Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերաբաշխման միջոցով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 4 միլիարդ 750 միլիոն դրամ, որից շինարարական աշխատանքների համար 4 միլիարդ 536 միլիոն դրամ, 76 միլիոն դրամ նախագծման աշխատանքների համար, փորձաքննական ծառայությունների համար 16 միլիոն դրամ և տեխնիկական հսկողության համար 86 միլիոն դրամ, հեղինակային հսկողության համար` 34 միլիոն դրամ: Մասնավորապես նշված ցանկից 7 օբյեկտները 2021 թվականից փոխանցիկ օբյեկտներ են, որոնք գտնվում են կամ ավարտական փուլում կամ առաջիկայում այս հատկացումներից հետո որոշակի աշխատանքներ կանենք, կավարտվեն, 3-ը նոր սկսվող աշխատանքներ են, 3 նախագծման աշխատանքների համար և 43 օբյեկտի համար 16 միլիոն դրամ ենք հատկացում, որպեսզի դրանց փորձաքննության ծառայությունները պատվիրվի»,- եզրափակեց Սանոսյանը:


ՀՀ վարչապետը իր հերթին ներկայացրեց մի քանի խոշոր օբյեկտներ, որոնց շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում և 2022 թվականին կմեկնարկեն:


«Խոսքը Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝Արենի-Արփի-Եղեգնաձոր 17 կմ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սարավան-Սարալանջ 16.9 կմ, Վարդավանք-Խդրանց -Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հիմնանորոգման, Մարտունի-Աստղաձոր 5.9 կմ ճանապարհահատվածի, Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման, Ալաշկերտ ավտոճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգման, Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի հիմնանորոգման մասին է: 2022 թվականին մեկնարկում են հետևյալ աշխատանքները. Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ճանապարհի հիմնանորոգում, Այգավան - Եղեգնավան ավտոճանապարհի, Աղվանի- Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում և այլն:

Previous Post Next Post