Գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի
քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմեց «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցչին ու
արտահայտեց իր դժգոհությունը աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ:
«Ձեզ մոտ բա՞ն է փոխվել, խողովակների փոխարինման միակ նորմալ
կազմակերպողը ձեր կազմակերպությունն էր, ու նման խնդիր չէր լինում: Կիևյան-Օրբելի
խաչմերուկից ավազը բերված, լցված է, վրան ոչ մի ծածկ չկա, նշանները գետնին
տապալված են, քամին էլ տալիս է, ավազն այս ու այն կողմ տանում»,- ասաց քաղաքապետը:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշեց.
«Ձեր ասած տեղը Կիևյան 7 հասցեն է: Իրենց կապիտալ ծախսերով
աշխատանք են կատարում: Առաջին նախազգուշացումն արել եմ մեկ շաբաթ առաջ: Այստեղ
խնդիրն այլ է, կխնդրեի շատ հստակ ձևակերպենք պատասխանատվությունը: 12 վարչական
շրջանի ղեկավար ունի ստորագրած պայմանագիր «Վեոլիա ջրի», ՀԷՑ-ի, «Գազպրոմի» և կապի
հետ: Պայմանագիրը վերաբերում է վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և
նոր կոմունիկացիաների անցկացման ոչ հետաձգելի աշխատանքներին:
Պայմանագրում հստակ գրված են բոլոր պայմանները, տեխնիկական
առաջադրանքի բոլոր պահանջները, այդ թվում՝ շինհրապարակի կահավորումը: Պարո՛ն
քաղաքապետ, խնդրում եմ ձեր հանձնարարականը՝ վարչական շրջանների ղեկավարները 180
աստիճան պտտվեն և կատարեն իրենց պատասխանատվությունը այս պայմանագրի
վերահսկողության նկատմամբ:
Պայմանագրի չկատարման վարչական պատասխանատվությունը կրում է
կատարողը, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավունքը տրված է վարչական շրջանի
ղեկավարին:
Խնդրեք, որ բոլորը վերանայեն իրենց մոտեցումները և հստակ կատարեն իրենց պարտականությունները, վերջին աստիճանի պատժելի վերահսկողություն սահմանեն մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը: Շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են: Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են դրսևորում համայնքային սեփականության նկատմամբ»: