Ռուբեն Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով

 

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ։


Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը«Քննության առնելով Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը կազմող Հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությունն ու կից ներկայացված փաստաթղթերը, և ղեկավարվելով Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքներով, ԲԴԽ–ն որոշել է Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել, ԲԴԽ– անդամ, նախագահ, Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»։


Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գագիկ  Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, Մեսրոպ Մակյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Ստեփան Միքայելյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը և Վիգեն Քոչարյանը։ Հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը, դեմ է Անի Մխիթարյանը և ունի հատուկ կարծիք։


Որոշումն ընդունվել է հունիսի 16–ին։


Հիշեցնենք, որ ըստ Հանձնախմբի ներկայացրած միջնորդության՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։

Previous Post Next Post