Ով ինչի համար է բանակից ազատվել ու ինչ հիմքով. ՊՆ «քրքրում» է չծառայածների ու պաշտոնյաների զավակների թղթերը

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը լծված է ուսումնասիրելու բանակից ազատվողների ցուցակը, ընդ որում՝ ուշադրության կենտրոնում են ոչ միայն պաշտոնյաների զավակները, այլև հասարակ անձինք:

Մասնավորապես՝ դիտարկում են, թե ով ինչի համար է բանակից ազատվել, ինչ հիմքով, որքանով է դա օրենքի սահմանում և այլն: Ըստ այդմ՝ արդեն մի քանի ահազանգ ենք ստացել, որ մարդիկ, ովքեր տարիներ առաջ գումարով ազատվել են բանակից, անգամ դեռ դրա համար արած պարտքերն ու վարկերն էլ չեն փակել և ունեն զինգրքույկ, զինկոմիսարիատից անհանգստացնում են:
Ստացվում է՝ մի քանի հազար դոլարը ջուրն են գցել, քանի որ այդ գումարներն արդեն հետ վերադարձնելու մասին խոսելը հեքիաթի ժանրից է: