«Սա հաշվեհարդար է». «Օրակարգ»-ի նոր ղեկավարությունը ազատվում է ոչ միայն լրագրողներից ու մոնտաժողներից, այլև մեկնաբաններից

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականում փոփոխությունները շարունակվում են: Ծրագրի նոր ղեկավարությունը որոշ լրագրողների և մոնտաժողների հաստիքները կրճատելուց հետո անցել է մեկնաբաններին:
Մեր տեղեկություններով՝ Քրիստինե Մելքոնյանը «լուրերից» կտեղափոխվի «Օրակարգից դուրս» ծրագիր և կփոխարինի աշխատանքից ազատված Ագնեսա Խամոյանին: Աբրահամ Գասպարյանը կվարի միայն կիրակնօրյա «Օրակարգը», Շահանե Մեժլումյանի մասով դեռ կոնկրետ որոշում չկա: Լրատվականի անձնակազմը ցնցված է։
«Ինչպե՞ս կարելի է մի հարվածով ամենօրյա եթերից զրկել 3 փորձառու մեկնաբանի: Թե ինչ խնդիր են լուծում, չենք հասկանում, մեկնաբանն այն մարդը չէ, որին յուրայինով փոխարինելուց շահի եթերը: Սա ո՛չ սերնդափոխություն է, ո՛չ թարմացում: Սա հաշվեհարդար է»,- եզրակացրեց լրատվականի մեր աղբյուրը: Ըստ նրա՝ նոր մեկնաբանները կընտրվեն «քաստինգով»: Հանրայինի լրատվական և քաղաքական հաղորդումների նոր պատասխանատուն՝ Վահագն Թևոսյանը, այս առիթով ասաց․ «Մենք դեռ քննարկումների փուլում ենք, ու քանի որ բոլորը եթերային մարդիկ են, երաշխավորում եմ՝ ոչինչ թաքուն չի մնա, եթերում կտեսնեք: Ամեն դեպքում 2 բան եմ ուզում շեշտել:
Նախ ուզում եմ հստակ արձանագրվի, որ ցանկացած կրճատում կամ փոխատեղում ունեցել է իր հիմնավոր պատճառները, և դրանք բացատրվել են բոլորին ու օբյեկտիվ են, անձնային հարաբերություններով չպայմանավորված: Ասեմ ավելին․ բոլորին շատ հարգում եմ ու կարծում եմ՝ շատ մարդկային ենք խոսել միմյանց հետ: Եվ երկրորդ բանը, որ կուզեի արձանագրվեր՝ եթե հանրությունն ակնկալում է փոփոխություններ եթերում, պիտի հանդուրժի նաև փոփոխություններ եթերը կազմակերպող մարդկանց կազմում կամ պարտականություններում: Այլ կերպ անհնար է»: