Ադրբեջանի զորավարժություններում տարբեր նոր զինատեսակներ են կիրառվում. ռազմական փորձագետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ չեն, քանի որ հայկական կողմն ականատես է եղել ավելի մեծածավալ զորավարժությունների, որտեղ ներգրավված են եղել մինչև 20 հազար մարդ։

«Այս զորավարժությունը տարբերվում է տեխնիկական միջոցներով, որը նախկինում մերձկասպյան թուրքերը չեն ունեցել, իսկ այսօր ունեն։ Երեկ զորավարժություններին մասնակցել են տանկային ստորաբաժանումները, ինչը մեզ համար նորություն չէ։
Իսկ այսօր առավոտյան «Պոլոնեզի» հաշվարկներն են տագնապով արվել, որը նոր են ձեռք բերել Բելառուսից։ Մյուս առումներով այս զորավարժություններում աննախադեպ ոչինչ չեմ տեսնում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վովա Վարդանովը։
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը, սակայն, բոլորովին հակառակ կարծիքն ունի: Ըստ նրա՝ այս զորավարժություններն իրենց բնույթով ու տեխնիկական հագեցածությամբ աննախադեպ են։
«Աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն զարգանում է, ինչը շատ բաների մասին կարող է խոսել, որ այս զորավարժությունները հենց այնպես չեն անցկացվում։ Այս զորավարժություններում ադրբեջանական զինուժի առջև դրվել է բավականին բարդ մարտական առաջադրանք։ Եթե նախկինում Ադրբեջանի զինված ուժերը նախապես ստանում էին օբյեկտի տվյալները և խոցում, հիմա ադրբեջանական հաշվարկների առջև ավելի բարդ խնդիր կա, նրանք են հայտնաբերում և խոցում։ Այսօր առավոտյան 200 կմ-ից թիրախավորել և խոցել են 30 մետր ճշգրտությամբ։ Թիրախներն ընտրված են հայկական դիրքերի նմանությամբ»,- շեշտեց ռազմական փորձագետը։