Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան, տարիներ ի վեր այստեղ ստացել են գերշահույթներ ու ամսական 90 հազար դրամ են վճարել. Երևանի քաղաքապետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարիներ ի վեր այս տարածքը գրավված է եղել, այստեղ ստացել են գերշահույթներ, ամսական 90 հազար դրամ են վճարել տարածքի համար: Այս գումարով կարելի էր 7-րդ Մասիվում 1-2 սենյականոց բնակարան կվարձել: 
Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Միգուցե աշխատողներին են հրահրում, չգիտեմ, կան այդպիսի մտքեր: Մենք ամեն ինչ անում ենք Երևանի համար, այստեղ ոչ մի անձնական շահ չկա: Մենք հետ ենք տալիս այս տարածքը մեր երևանցիներին:
Սա լինելու է բոլորի տարածքը, ոչ թե մի խումբ մարդկանց տարածքը, ովքեր հարստանում են: Մեր թիմը վճռական է, ոչ մի շահ, բացի համայնքի շահից չենք հետապնդում»,- նշեց Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետն ասաց, որ մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որ վերականգնեն տարածքը, որովհետև բնությունը տուժել է, բետոն է լցվել: Ըստ նրա՝ Երևանում այգիներ կան, որոնք համայնքի սեփականությունն են, բայց մարդիկ այնտեղ հող ունեն սեփականաշնորհած, ուզում են տուն կառուցել:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը վերսկսել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել, փակել էին Մաշտոցի պողոտան, ոստիկանության և ցուցարարների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել: Ապամոնտաժման աշխատանքները երեկոյան դադարեցվել են, վերսկսվելու են վաղը: