Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները. ԲՀԿ-ն նախագիծ է ներկայացրել. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրենց խմբակցության նոր օրենսդրական նախաձեռնության մասին՝ «Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները» վերտառությամբ:
««Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ենք առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ:
Առաջնագծում մարտական հերթապահություն պետք է իրականացնեն պայմանագրային, փորձառու զինվորները, ովքեր գիտեն` ի՞նչ է առաջնագիծը, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիրքերն են: Միայն մեկ տարի զինվորական փորձառություն անցնելուց հետո թույլատրել զինվորին տանել մարտական հերթապահության: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է:
Չի կարելի 18 տարեկան անփորձ երեխային կանգնեցել առաջնագծում և վերջ:
Իհարկե, կա հարցի նաև մեկ այլ կարևոր կողմ` պայմանագրային զինծառայողների աշխատավարձի հարցը: 120-130 հազար դրամով չես կարող ապահովել այնքան պայմանագրային զինծառայող, որ ողջ առաջնագծի հարցը լուծենք: Կարծում եմ, հնարավոր է գտնել պայմանագրային զինվորների աշխատավարձն ավելացնելու ֆինանսական միջոցներ, և դա պետք է արվի հրատապ: Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով ավելացնելու մի տարբերակ երեկ իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը»,- գրել է նա: