Վրաստանի նախագահը առաջին անգամ մեղադրել է Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու մեջ. «դրսի» մամուլի սկանդալային հոդվածներն ու հայկականների՝ լռությունը

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Հայաստանում էր: Հայկական ղեկավարության հետ նրա բանակցությունների թեմաներից մեկը տարածաշրջանային հակամարտությունն էր: Երեւանում փորձել են պարզել, թե Վրաստանի նախագահն ինչ նկատի ուներ, երբ վերջերս Բաքվում հայտարարել էր «Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքների օկուպացման» մասին: Արդյունքում Վրաստանի նախագահը ոչ միայն հաստատել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, այլ նաեւ մեղադրանքներ է ներկայացրել հայկական ղեկավարության հասցեին:
Սալոմե Զուրաբիշվիլիի կոշտ դիրքորոշումը կարող է վերջ տալ հայ-ադրբեջանական հակամարտության կողմերի նկատմամբ միանման քաղաքականությաըն, որով Վրաստանն առաջնորդվում էր ամբողջ հետխորհրդային շրջանում:

Հայաստանի կառավարությանը, որը Երեւանում ընդունել էր Վրաստանի նախագահին, մասնավորապես հետաքրքրում էր Սալոմե Զուրաբիշվիլիի պարզաբանումները Բաքվում նրա երկիմաստ հայտարարության վերաբերյալ: Փետրվարի 27-ին Ադրբեջանում պաշտոնական այցի ժամանակ տիկին Զուրաբիշվիլին անդրադարձել էր Ադրբեջանի եւ Վրաստանի «տարածքների օկուպացման» թեմային: Նրա արտահայտությունները նախկին վրացական ինքնավար մարզերի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի՝ «Ռուսաստանի կողմից օկուպացման» մասին ոչ մեկի չեն զարմացրել, քանի որ Վրաստանի ներկայացուցիչները հաճախ են ելույթ ունենում Մոսկվայի հասցեին մեղադրանքներով: Սակայն այս անգամ Վրաստանի նախագահն, ըստ երեւույթին, առաջին անգամ բացեիբաց մեղադրել էր Հայաստանին Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու մեջ:
«Մենք գրեթե միաժամանակ ենք վերականգնել մեր երկրների անկախությունը եւ ապրել ենք միանման ողբերգությունը»,-նշել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ընդ որում՝ Վրաստանի նախագահը պարզաբանել է, որ «միանման ողբերգություն» ասելով՝ նա նկատի ուներ «տարածքների օկուպացիան»:
«Օկուպացված տարածքները մեզ համար եւս չսպիացած վերք են»,-շարունակել է նախագահն ու հայտնել բավարարվածություն, որ Վրաստանն ու Ադրբեջանը, չնայած օկուպացիայի, «կարողացել են ուժեղացնել իրենց պետականությունն ու զարգացնել տնտեսությունը»:
Ըստ ռուսական «Կոմմերսանտ»-ի տվյալների՝ Երեւանում հանդիպումների ընթացքում, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Բաքվում արված հայտարարությունների թեման շոշափվում էր տարբեր սրությամբ: Սակայն Վրաստանի նախագահն անգամ չէր արդարացնում կամ հերքում իր հայտարարությունը: Հակառակը, նա ներկայացնում էր հայկական կողմին մի շարք պահանջներ:
Մասնավորապես, Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլինին նախազգուշացրել է. իր երկրի համար «շատ կարեւոր է», որ Հայաստանը ճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն խոսքերով, այլ նաեւ գործնականում: Երկրի ղեկավարն անմիջապես պարզաբանել է, որ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի պատվիրակության այցն Աբխազիա եւ Հարավային Օսեթիա: «Այդկերպ այցերի կազմակերպիչներն իրենք են ցույց տալիս, որ այդ հակամարտությունները համաչափ են»,- Վրաստանի նախագահը չէր թաքցնում իր դժգոհությունը: «Դա շատ ցավալի է,-շարունակել է Զուրաբիշվիլին: Մենք գտնում ենք, որ այստեղ չկա այն բարյացակամությունը, որը պետք է լինի մեր երկրի հանդեպ»:
Թբիլիսիում համարում են, որ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունն աննախադեպ է ամբողջ հետխորհրդային ժամանակաշրջանում, որի ընթացքում Վրաստանը պահպանում էր չեզոքությունը հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում:
«Կոմմերսանտ»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ արտաքին գործերի նախկին փոխնախարար Սերգի Կապանաձեն: Նրա կարծիքով՝ նախագահը պետք է «շատ ավելի զգուշություն ցուցաբերի»՝ ելույթ ունենալով այդպիսի «զգայուն թեմայի» շուրջ: Դրա հետ մեկտեղ պարոն Կապանաձեն խոստովանել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները չեն զարմացրել նրան: «Դա միայն սկիզբն է, կլինեն նմանատիպ այլ հայտարարություններ եւս»,-վստահություն է հայտնել դիվանագետը:
Վրաստանի կառավարությունում չեն մեկնաբանել Բաքվում եւ Երեւանում նախագահի հայտարարությունները: Այդ օրինակին են հետեւել նաեւ «Վրացական երազանք» իշխող կուսակցության բոլոր պատգամավորները, որոնք սատարում էին Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրությունների ժամանակ:
Անկախ քաղաքագետ Դավիթ Ավալաշվիլին հիշեցրել է, որ համաձայն Վրաստանի սահմանադրության՝ պետության ղեկավարի լիազորությունները կրում են խորհրդանշական բնույթ: Այդ պատճառով, փորձագետը հավելել է, չնայած տիկին Զուրաբիշվիլիի հայտարարությունները շատ կարեւոր եւ աննախադեպ են, «Երեւանում եւ Բաքվում լուրջ եւ պատասխանատու գործիչները չեն դիտարկի դրանք որպես հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ Վրաստանի կառավարության դիրքորոշման արմատական փոփոխության ցուցանիշ»: