Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար. վարչապետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը:
Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է 15 լիտր  բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լիտր և համապատասխանի այն ստանդարտին, որը հայտարարված է, երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն, երբ խանութում քաղաքացին  գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է և այսպես շարունակ:

Ընդհանուր առմամբ մենք չպետք է մոռանանք, թե այս տարիներին ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Երբ մեր երկիրն անկախություն ստացավ, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվեց. մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին: Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի  հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսների հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը:

Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության   և սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Նաև այս օրերին այդ թեման շատ է շոշափվում, որովհետև եթե մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առևտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, քեզ համար: Սա, իհարկե, բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»:
Մանրամասները՝ տեսանյութում.