Հեշտ բանակցություններ չեն լինելու. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման  վերաբերյալ:

Նրանք ողջունել են երկու պետությունների ղեկավարների՝ համանախագահների հովանու ներքո շուտով հանդիպելու պատրաստակամությունը:
Նշվում է, որ համանախագահները կարևոր հանդիպման նախապատրաստման աշխատանքների շրջանակում սերտ համագործակցում են ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նշվում է նաև, որ սա  լինելու է երկու ղեկավարների միջև առաջին ուղիղ շփումը համանախագահների հովանու ներքո:

Համանախագահներն ընդգծել են արդյունավետ քննարկումների իրականացման համար միջավայրի, ինչպես նաև վերջին շրջանում շփման գծում միջադեպերի նվազման միտումը պահպանելու կարևորությունը: Բացի այդ նրանք ողջունել են տարածաշրջանում արվող այն նախնական քայլերը, որոնք ուղղված են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ու կողմերի այդպիսի ջանքերն ավելի ինտենսիվացնելու խրախուսմանը:

Միևնույն ժամանակ համանախագահները նորից կրկնել են բոցաշունչ հռետորաբանությունն ու լարվածությունը նվազեցնելու կարևորությունը: Այս համատեքստում նրանք կողմերին կոչ են արել զերծ մնալ հայտարարություններից ու քայլերից, որոնք առաջարկում են տեղում իրավիճակի էական փոփոխություններ, նախապես վճռում են ապագա բանակցությունների ելքը կամ դրանց համար նախապայմաններ են ստեղծում, առանց մյուս կողմի հետ համաձայնեցման միակողմանի փոփոխություններ են պահանջում գործող ձևաչափի համար կամ ցույց են տալիս թշնամական ակտիվ գործողությունները վերսկսելու պատրաստակամություն:

Անդրադառնալով ՄԽ գործընթացի վերաբերյալ վերջին շրջանում հնչած որոշ հակասական հրապարակային հայտարարություններին՝ համանախագահները ևս մեկ անգամ կրկնել են, որ  հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:
Ըստ համանախագահների՝ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի 2009-2012թթ. համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերը, որոնք ենթադրում են ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ ապահովող միջանկյալ  կարգավիճակ ԼՂ-ի համար, ՀՀ-նն և ԼՂ-ն կապող միջանցք, իրավական տեսանկյունից կամքի պարտադիր դրսևորման միջոցով ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, խաղաղապահ գործողություն ներառող միջազգային անվտանգության երաշխիքներ:

Համանախագահներն ընդգծել են, որ  այս սկզբունքների և տարրերի վերաբերյալ նրանց տեսակետը պետք է լինի հակամարտության  ազնիվ և տևական կարգավորման հիմքը և պետք է ընկալվի որպես մեկ ամբողջություն. այս սկզբունքներից կամ տարրերից որոշներն առաջնային դարձնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Համանախագահները պատրաստակամություն են հայտնել ցանկացած ժամանակ հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների հետ և կոչ արել ղեկավարներին առաջին իսկ հնարավորության դեպքում դրական ոգով վերսկսել բանակցությունները: Համանախագահների հովանու ներքո Բաքվի և Երևանի միջև շարունակական ու ուղղակի երկխոսությունը շարունակում է մնալ որպես կարևոր տարր վստահության կառուցման ու խաղաղության գործընթացին հասնելու գործում: Համանախագահները կշարունակեն քննարկել համապատասխան հարցերը հակամարտության հետևանքով ուղղակիորեն տուժած շահագրգիռ կողմերի հետ՝ ընդունելով, որ նրանց տեսակետներն ու մտահոգությունները պետք է հաշվի առնվեն ցանկացած բանակցային լուծման դեպքում:
Համանախագահներն ընդգծել են, որ նրանք շարունակում են իրենց մանդատի համաձայն լիարժեք հանձնառու լինել օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում: Համանախագահները նաև իրենց լիակատար աջակցությունն են հայտնել անկողմնապահ ու կրիտիկական մշտադիտարկման աշխատանքին, որն իրականացնում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու նրա թիմը: