10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա. Ադրբեջանի ՊՆ-ն մայիսի 20-24-ը կրկին մասշտաբային զորավարժություններ կանցկացնի

Մայիսի 20-24-ն Ադրբեջանում լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն, որոնց կմասնակցեն զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո:
Զորավարժությունների հիմնական թեման լինելու է գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հակադարձումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով:

Աղբյուրը մանրամասնում է, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ: