Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիրահատությունն ավարտվել է, վիճակը մնում է ծանր

Աշտարակ քաղաքից դժբախտ պատահարի հետևանքով մայիսի 6-ին ժամը 15:15-ին ծայրահեղ ծանր վիճակով Սուրբ Աստվածամայր ԲԿ է տեղափոխվել 12-ամյա տղա, ով նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու նպատակով և ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա, ստացել է ծանր՝ բաց թափանցող գանգուղեղային վնասվածք, ակնակապիճի շրջանից: Ունի նաև գլխուղեղային ծանր սալջարդ և այտուց՝ կոմա:

«Երեխայի վիրահատությունն արդեն ավարտվել է, նրան վիրահատել են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նյարդավիրաբույժներն ու Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, պրոֆեսոր՝ Վիլյամ Խաչատրյանը»,- այս մասին «Առաջին Լուրերին» հայտնեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Չնայած նրան, որ վիրահատությունը լավ է անցել, սակայն երեխան շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության ներքո, նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: