Կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ «մտնի». Քոչարյանը՝ իր փաստաբանների կողմից նույն հարցը բարձրաձայնելու մասին

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ Դատարանում այս մասին հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ շարունակելով ներկայացնել կալանքի հիմքերի բացակայության վերաբերյալ պաշտպանական կողմի դիրքորոշումը։
«Չկա հիմք ենթադրելու, որ անձը կխուսափի (պատասխանատվությունից/խմբ.): Այն դեպքում, երբ անձն ուներ բացարձակ ազատություն, և որևէ սահմանափակում չկար երկիրը լքելու համար, նա բուժման նպատակով երկիրը լքելու համար դիմել էր, քանի որ հարգում է պետական մարմնին։ Այսինքն, դատախազության ներկայացրած հիմքերը, որոնք իբրև պետք է լինեն դեմ պարոն Քոչարյանի դեմ, իրականում, համաշխարհային պրակտիկայում ի օգուտ մեղադրյալի են նշվում»,- շարունակեց նա։


Փաստաբանի խոսքին արձագանքեց գործը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ նկատելով, որ այս մասին խոսել էր նաև Քոչարյանի մյուս պաշտպան Հայկ Ալումյանը։
Ի պատասխան դատավորի՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Հարգելի՛ դատարան, ստիպված ենք դա անում, քանի որ մի քանի դատարանով անցել են և տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ «մտնի», բայց մեկա չի «մտնում»»։

Աղբյուրը՝ tert.am