Օրական ես 40-50 խնդրի եմ առնչվում և գիտեմ՝ ինչպես արդար կլիներ լուծել դրանք, բայց օրենքն ինձ խանգարում է. Հայկ Մարության

Երևանի ավագանու հերթական նիստին քննարկվում է նախագիծ, որով նախատեսվում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Տիգրան Մեծի հ.53 հասցեում գտնվող 199.1քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:  Տարածքը  հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը։ «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ»  կազմակերպության նպատակն է աջակցել մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը բարձրացրեց իրեն դիմած Տելյան Սիրանուշի հարցը և նշեց, որ ամեն նիստին հույս է ունենում, որ նրանց անհատույց գույք տրամադրելու հարցը կփորձեն քննարկել: «Ես կողմնակից չեմ նվիրատվություն տալուն, այլ անհատույց կամ շատ փոքր վարձով տալուն»,-ասաց նա և նշեց, որ չի ցանկանում այնպիսի նախագծեր ներկայացնել, որ դեմ քվեարկեն, և մարդկանց ցույց տան, թե ինչ լավն են:

Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նշեց, որ հանդիպել են տիկին Սիրանուշի հետ և կոչ արեց ներկայացնել նախագիծը:
Մարկոս Հարությունյանը նշեց. «Ինձ համար զավեշտը նրանումն է, որ Երևանի քաղաքապետարանը այդ գույքի տեղը չի իմացել, և դրա տեղը ցույց է տվել տիկին Սիրանուշը»: Մարկոս Հարությունյանը նշեց, որ այլևս մարդիկ չեն դիմի, այլ հարևանները կմտնեն և կապրեն այդպիսի տներում:
«Ես նախաձեռնությամբ հանդես կգամ, բայց կխնդրեմ դա որպես սաբոտաժ չդիտարկել: Ես ասացի, որ սկզբից չեմ ցանկացել նախագիծը ներկայացնեմ, որ կողքից տպավորություն չլինի, որ ես ամենասուրբն եմ, ամենալավն եմ ցանկանում»,-ասաց ավագանու անդամը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այստեղ ավագանու բոլոր անդամները բացի լավից, դրական էմոցիաներից, քաղաքին օգտակար լինելուց որևէ այլ բան չեն ուզում:
«Օրական ես 40-50 խնդրի եմ առնչվում, որ գիտեմ, թե արդար կլիներ այսպես լուծել, բայց օրենքը ինձ խանգարում է»,-ասաց նա և նշեց, որ քաղաքապետարանը մշակում է նոր օրենքներ: Հայկ Մարությանը նշեց, որ բոլոր անհատույց տրամադրված տարածքների նկատմամբ շատ խիստ հսկողություն է:
Հայկ Մարությանը մի շարք խնդիրների մասին բարձրացրեց:  Օրինակ, ըստ նրա, գալիս են մարդիկ և ուզում հողի ընդլայնում. «Օրենքն ասում է, որ կադաստրային գնով տանք, բայց այն 5-10 անգամ կարող է տարբերվել շուկայական գնից: Ամեն անգամ խնդիր է առաջանում և ասում ենք՝ գոնե դնենք աճուրդի»:
Հայկ Մարությանը նշեց, որ ինքնակամ կառույցների համար ևս շատ են դիմում են, որ օրինականացնեն:
«Մենք ամեն կերպ ուզում ենք խանգարենք դրան, բայց օրենքում կետ չկա, որ մերժենք: Սա խայտառակություն է: Ամենից շատ ժամանակը գնում է նրա վրա, թե ոնց անենք, որ օրենքում ասվածը և իրականությունը իրար բռնի, քանի որ օրենքում գրված է այնպիսի բան, որ եթե մենք ի կատար ածենք, խայտառակություն կլինի»,-ասաց նա: