«Ուռալ-4310»-ի կողաշրջման հետեւանքով մահացած 20-ամյա Արարատ Խեչումյանը ընտանիքի միակ զավակն էր

Մայիսի 14-ին, «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով մահացած 20-ամյա Արարատ Խեչումյանը ընտանիքի միակ զավակն էր։
Բնակվում էր Երեւանի Նոր Արեշ թաղամասում։ Մայրը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Նրա տատիկը՝ տիկին Վեներան, NEWS.am-ին պատմել է, որ Արարատը սովորում էր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, առաջին կուրսից զորակոչվել էր բանակ, զբաղվում էր թեքվանդոյով ու շախմատով, նաեւ միջազգային մրցաշարերի դափնեկիր էր։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Իջեւանի դիրքերից հրաձգարան (պոլիգոն) իջնելու ճանապարհին, նախնական տեղեկություններով` մեքենան կանգնած վիճակում կողաշրջվել է, մեքենայում 4 հոգի է եղել, թափքում եղած բեռները թափվել են, ինչի հետեւանքով ստացած վնասվածներից Արարատ Խեչումյանը մահացել է, մեքենայում եղած մյուս 3 զինծառայողները տարբեր աստիճանի վիրավորում, սալջարդ են ստացել։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ-երում, նախնական տեղեկությամբ դժբախտ պատահարի հետեւանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը՝ ծնված 1999թ.:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։