Գեղարքունիքում կկառուցվի տարածաշրջանում ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով

«Հայաստանում առկա են արդյունաբերական նպատակներով օգտագործվող այլընտրանքային էներգետիկայի երեք աղբյուր՝ ջրային, արևային,  հողմային։  Փոքր հիդրոէլեկտրոկայանները  Հայաստանում շատ զարգացած են, գրեթե սպառված, իսկ արևային էներգիայի պոտենցիալը դեռևս  մնում է լրիվ չօգտագործված»,- «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Նա նշեց, որ Հայաստանը միջինից բարձր արևային պոտենցիալ ունեցող երկիր է, մոտավորապես  1500-1800 ժամ արևային օրեր են լինում, Գեղարքունիքի մարզը դրանցից ամենամեծ պոտենցիալ ունեցողն է։

Փոխնախարարն ասաց, որ դրա մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին զեկույցը, որի համաձայն 13 լիցենզավորված  արևային կայաններից 8-ը Գեղարքունիքի մարզում են, 2-ն արդեն կառուցված են, դրա մասին է վկայում նաև առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում։
«Անցած տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում կա արդեն հաղթող կազմակերպություն և կառավարության հետ կնքված կառավարության աջակցության ծրագիրը, որի համաձայն 2019-20 թվականների ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում, ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով։ Ամենացածր գինը ստացվել է ի շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի, և այդ պոտենցիալը դեռևս սպառված չէ»,- ասաց Հ. Վարդանյանը։