Ինչքա՞ն սպասի ժողովուրդը. մինչ միջազ­գային հարթակներում հեղափոխության բրենդն է քարոզվում, հասարակությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ

«Հեղափոխական էյֆորիան նահանջել է, ու մեր հասարակությունն աստիճանաբար ավելի կշռադատված հայացքով է նայում անցյալ տարվա իրադարձություններին ու փորձում է իրական կյանքում նշմարել դրանց հետևանքները: Մինչ երկրի իշխանությունն առաջին դեմքի մակարդակով միջազ­գային գրեթե բոլոր հարթակներում զբաղ­ված է հեղափոխության բրենդի քարոզչու­թյամբ, հասարակությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ:
Հեղափոխությունը ոչ թե գեղեցիկ կարգախոսների համախումբ է, այլ քաղաքական, հասարակական ակտ, որին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ, քաղաքականու­թյուն՝ միտված հասարակ մարդու բարեկեցու­թյան ապահովմանը:

Մեր հասարակությունը չափազանց համբերատար է ու անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս վերահաստա­տեց իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանի թի­մին ու հեղափոխության օրակարգին: Ասվում էր՝ տնտեսության զարգացմանը խանգարում է հին խորհրդարանը, որտեղ մեծամասնու­թյուն էին կազմում հանրապետականները:

Իհարկե, այս պնդումը որևէ կոնկրետ փաստով չէր ամրագրվում, որովհետև նախորդ գումարման ԱԺ-ն այդպես էլ չի մերժել Փաշինյանի կառավարության որևէ նախաձեռնու­թյուն, որը միտված կլիներ տնտեսության զարգացմանն ու ներդրումների խրախուսմա­նը: Այնուամենայնիվ, հասարակությունն ըն­դունեց Փաշինյանի օրակարգը, ու դեկտեմբե­րին տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, թեև դրանց անց­կացման ժամկետը խիստ վիճահարույց էր, որովհետև ակնհայտ էր, որ հեղափոխական էյֆորիայի պիկին անկարելի է անցկացնել մրցակցային ընտրություններ՝ բովանդակային իմաստով: Արդյունքում՝ ունեցանք խորհրդա­րան, որտեղ Փաշինյանի կողմնակիցներն ունեն սահմանադրական մեծամասնություն, սակայն ԱԺ-ն իր քաղաքական որակի հետևանքով այդպես էլ չվերգտավ իր քաղաքական-ինստիտուցիոնալ կշիռը, իսկ ներդրումային մակարդակը մնում է նախկին՝ մինչհեղափո­խական տարիների մակարդակին: Ավելին, դեռ մի բան էլ նվազել է:
Հետո տնտեսության զարգացմանն ու ար­դյունավետ կառավարմանը սկսեց «խանգարել» կառավարության կառուցվածքը, ինչը ևս փոխվեց Նիկոլ Փաշինյանի ճաշակով: Դարձյալ անտեսվեցին ընդդիմության ու քա­ղաքացիական տարբեր խմբերի դիտողու­թյունները, թեև ակնհայտ է, որ կառավարու­թյան նոր կառուցվածքը բացարձակապես չի լուծում արդյունավետ կառավարման խնդի­րը, փոխարենն ուժեղացնում է վարչապետի անձնակենտրոն իշխանությունը ու մեծաց­նում է գործազուրկների թիվը:

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի թիմն անցած մեկ տարվա ընթացքում ունեցել է հասարակության լիարժեք քարտ-բլանշը, ու հիմա եկել է կոնկրետ արդյունքներ ցույց տալու ժամանակը: Դրանք, ցավոք, չկան, ու եթե տնտեսական հեղափոխությունն ուշա­նա, ապա քաղաքական հեղափոխությունը կանգնելու է արժեզրկման վտանգի առջև»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: