Չի կարելի ասել, որ ՀՀ-ում իրավապահներն ինչ-որ մեկի վրա գործ են սարքել. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործին:

Նա նաև մեկնաբանել է այն շշուկները, թե իբր նա ԱԱԾ պետի ընկերն է և Դավիթ Սանասարյանի գործով Ալեն Սիմոնյանի «մատը խառն է».

«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, բայց ընկերը՝ ընկերությունով, և առավել ևս պետությունը՝ պետությունով: Չի կարելի ասել, որ Հայաստանի Հանրապետությունում իրավապահներն ինչ-որ մեկի վրա գործ են սարքել: Առավել ևս, եթե դու բավականին տևական ժամանակ հանդիսացել ես ՀՀ վարչապետի վերահսկողության ղեկավարը»:

Նրա խոսքերով՝ Դավիթ Սանասարյանը հենց ինքն է իրեն դնում վատ վիճակում՝ նշելով, որ  այն Հայաստանում, որի համար նա պայքարել է, որտեղ նա աշխատել և ունեցել է վերահսկողի կարգավիճակ, հնարավոր է գործ սարքել:

«ՀՀ-ում որևիցե մեկի վրա քաղաքական նկատառումներով իրավապահների կողմից գործ չի սարքվում»,- ասել է Սիմոնյանը:

ԱԺ փոխանախագահը նշել է, որ պետք է սպասել դատական գործընթացին: