Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» ցանկության դեպքում հրապարակը նորից կլցնեն. Ալեն Սիմոնյան

ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում բուռն քննարկումներից հետո լրագրողները Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են, թե արդյոք որևէ անհամաձայնություն կամ կոնֆլիկտը կա իր և «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև: Ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասաց, որ լավ է, երբ քննարկումներ են լինում, կարծիքների փոխանակություն, և Հայկն էլ իր ընկերն է, իրար դեմ ոչինչ չունեն:
ԱԺ փոխխոսնակից լրագրողները հետաքրքրվել են դատարանների շրջափակման ակցիայից և դրա շուրջ ծավալված կարծիքներից ու քննարկումներից:

«Տեսաք Սվիտալսու հայտարարությունը, ԱՄՆ դեսպանատան ու միջազգային կառույցների հայտարարությունը: Ընդդիմության վերաբերմունքը, կարծում եմ, շոկային էր և պահի տակ էմոցիոնալ վերաբերմունք էր: ՀՀ-ում նույն ընդդիմությունը դեռ չի ընկալել, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը: Ոչ թե միայն իշխանության գործադիր, օրենսդիր, այլ նաև դատական իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Խոսելով դատարանների շրջափակման ակցիայի մասին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ կասկած անգամ չունի, որ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն: