Աշխատավարձը բարձրացնում ենք, որ մարդիկ աշխատանքի ընթացքում մտածեն աշխատանքի մասին. Հայկ Մարության

Պարգևավճարները վերածվում են աշխատավարձի։ Երևանի ավագանու՝ ընթացող  նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ներկայացնելով  քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման  դրդապատճառները։

«Սա վերաբերում է 1700 աշխատակցի, այսինքն խոսքը 1700 ընտանիքի ու մոտ 7 հազար մարդու մասին  է։ Մարդիկ կիմանան վստահ, որ իրենք ամսական ստանում են իքս գումար, կիմանան, որ այս գումարը մշտապես իրենց համար կա։ Աշխատանքի ընթացքում կմտածեն միայն աշխատանքի մասին, այլ ոչ նրա մասին, թե ինչպես են իրենց երեխային կոշիկ առնելու կամ հագուստ առնելու։ Այսինքն, սա իրենց կյանքում կբերի մեծ հստակություն»,-ասաց նա։
Քաղաքապետը նաև ասաց, որ շատ ընտանիքներ աշխատավարձերի բարձրացման պարագայում կկարողանան հիպոթեքային վարկ վերցնել՝ չմտածելով, թե  այս ամիս կլինի՞ պարգևավճար, թե՞ չի լինի։

«Այսինքն, նա գիտի, որ այսքան գումար է ստանում ու դրա չափով կարող է վարկ ունենալ։ Դա վերաբերում է ավելի շատ երիտասարդ ընտանիքներին, որոնք դեռ բնակարան չունեն»,-ասաց նա։

Երրորդ դրդապատճառն էլ այն է, ըստ Մարությանի, որ կկարողանան ձեռք բերել որակյալ կադրեր։

«Այս պահին, երբ մենք խոսում ենք որակավորում ու պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդկանց հետ, ասում ենք,  գիտես քո աշխատավարձն այսքան է  լինելու, բայց կլինեն պարգևավճարներ, միևնույն է, այդ մարդիկ իրենց համար ֆիքսում են այդ աշխատավարձի չափը, և նրանցից շատերը մերժում են այդ աշխատավարձով գալ աշխատանքի։ Որակյալ կադրերը ցավոք սրտի, այս պահին մերժում են անցնել աշխատանքի»,-ասաց նա։

Մարությանն ընդգծեց՝ առաջարկել է բարձրացնել բոլորի աշխատավարձը, բացի իրենից, սակայն իրավաբանները նշել են՝ անհնար բան է, քանի որ վարչական շրջանի ղեկավարի աշխատավարձը չի կարող բարձր լինել քաղաքապետի աշխատավարձի 70 տոկոսից, իսկ փոխքաղաքապետերինը՝ 82 տոկոսից։ Ասաց, ինքը երբեք պարգևավճար չի վերցրել, չի վերցնում, չի էլ վերցնելու։ Ավելացվելիք գումարը կտրամադրի բարեգործական որևէ միջոցառման։
«Ես 16 տարեկանից իրոք գիշեր-ցերեկ աշխատում եմ, և հասցրել եմ այս տարիքին բերել այն վիճակին, որ իրոք ապահովված մարդ եմ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գումարի հետ կապված ակնկալիքներ չունի, դա իր համար հարյուրերորդական հարց է։

Հիշեցնենք, որ աշխատավարձերի բարձրացման նախագծի համաձայն, քաղաքապետի աշխատավարձը բարձրանալու է ավելի քան 100 տոկոսով՝ կազմելով 1.2 մլն դրամ։ Ըստ հաշվարկների, աշխատավարձերի բարձրացման դեպքում տարեկան բյուջեից տրամադրվելու է 2 մլրդ դրամ։ Երևանի ավագանու  ֆինանսավարկային հանձնաժողովը երեկվա նիստում բացասական եզրակացություն է տվել նախագծին։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը բյուջեի մսխում էր որակել աշխատավարձերի բարձրացումը, նշելով, որ այդ գումարով կարելի էր ամբողջությամբ վերաբնակեցնել մայրաքաղաքի չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին։