Հայաստանը դատարկվել է ռազմավարական վտանգի աստիճան. Արման Բաբաջանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱՎԾ-ի կողմից հրապարակված ՀՀ մշտական բնակչության թվին՝ ապրիլի 1-ի դրությամբ։

«Վաղը լրանում է պատմական օրը, որը մեզ բոլորիս հուսադրեց, թե երկրում սկիզբ են դրվելու ֆունդամենտալ այնպիսի փոփոխությունների, որոնք հանգեցնելու են առնվազն արտագաղթի տեմպերի նվազման և նույնիսկ հույս ունեինք, որ այն իսպառ կարող է դադարել, և բացասական սալդոն նույնիսկ դրականի փոխվել։ Ավաղ, երկրում նախկինից մնում են խնդիրներ, որոնք այսօր էլ մարդկանց մղում են արտագաղթի, իսկ նման դեպքերում հանրայնորեն ընդունված մեթոդաբանությամբ խորհուրդ է տրվում պատճառը քննարկել և ոչ թե հետևանքը։ Սակայն արտագաղթի պարագայում կարելի է հակառակը քննարկել»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ նվազագույն պատասխանատվությունը, որ պետք է ստանձնի իշխանությունը, պետք է լինի արտագաղթածների վերադարձն ապահովելը. «Իշխանության առաջիկա ամիսների, տարիների աշխատանքը պետք է չափվի հենց այս ուղղությամբ տարված աշխատանքով։ Մենք չենք կարող այստեղ խոսել կյանքի որակների մասին, իսկ մարդիկ շարունակեն լքել երկիրը։ Հայաստանը դատարկվել է ռազմավարական վտանգի աստիճան, հետևաբար միայն դեմոգրաֆիական պատկերի վերականգնումը հնարավորություն կտա դրական գնահատական տալ իշխանություններին»։