ՄԻՊ–ը հորդորում է ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու փորձերից, որոնք չեն բխում նրանց շահերից

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով: Ակցիային մասնակցել են նաև երեխաներ: Նրանց մոտ առկա պաստառների վրա նույնպես եղել են վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ, այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են ակցիային առանց ծնողների իմացության և չեն կարողացել հստակ բացատրել՝ իրենց մասնակցության նպատակը, ինչպես նաև չեն կարողացել բացատրել իրենց պարզած պաստառների վրայի գրառումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ հավաքների կամ այլ զանգվածային միջոցառումների մասնակցության իրավունքը։ Այսքանով հանդերձ, սկզբունքային է այն, որ երեխայի նշված իրավունքների իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք և գիտակցված այնպիսի ներգրավվածության ապահովմանը, որը ծառայում է երեխայի լավագույն շահին:

Հաշվի առնելով վերը նշվածը, կոնկրետ իրավիճակում երեխաների մասնակցությունը նշված բողոքի ակցիային ու նաև հետագայում նմանատիպ ակցիաներին համարում ենք անթույլատրելի և հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից: