Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը մայիսի 17-ին դատական հայց է ներկայացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավար Արման Բաբաջանյանի դեմ՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու եւ պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով: 
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից. գործը մակագարվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին:

Պատճառը հավանաբար այն է, որ ապրիլի 18-ին Արման Բաբաջանյանը Ազգային Ժողովի լիագումար նիստում, դիմելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, հետաքրքրվել էր, թե արդյո՞ք որեւէ ձեւով ընդվզել է, երբ նախկինում ՀԾԿՀ-ն տվել է ՀԷԿ-երի եւ ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր տարբեր նախկին պաշտոնյաներին, այդ թվում նշելով նաեւ Խոսրով Հարությունյանի անունը: Բաբաջանյանը նշել է, որ այդ ոլորտներում բազմաթիվ օրինախախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել եւ այսօր էլ դրանք շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ: