Ճոպանուղու եւ մետրոյի կայարանները կկառուցվեն՝ հարեւանությամբ մոլ եւ հյուրանոց կառուցելու շնորհիվ

Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցապատողին հնարավորություն է տրվելու մեծ մոլ կառուցել Թումոյի հարեւանությամբ, այսինքն՝ մետրոպոլիտենի վրա, եւ մետրոպոլիտենի կապը լինելու է մոլի առաջին հարկի միջով:
Երեւանի մետրոպոլիտենի կառուցվելիք նոր կայարանի մասին այսօր այսպիսի մանրամասներ ներկայացրեց գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նույն մոտեցումը, ըստ նրա, լինելու է ճոպանուղու դեպքում, որն անցնելու է Նոր Նորքի 2-րդ զանգվածից մինչեւ Կենտրոն՝ Աբովյանի պուրակի հատված: «Նոր Նորքի տարածքում թույլ ենք տալու կառուցել եւս մեկ մոլ, եւ այդ մոլ կառուցողը պետք է կառուցի վերեւի կայարանը: Ներքեւի տարածքում պետք է նախագծվի հյուրանոցային համալիր եւ այդ հյուրանոց կառուցողը պետք է ֆինանսավորի ճապոնուղու ներքեւի կայարանը»,- ասաց Մեսչյանը:
Աբովյանի պուրակի հարակից հատվածում, ըստ Մեսչյանի, ժամանակին կառավարության որոշմամբ հողատարածք է տրամադրվել Սանկտ Պետերբուրգին: Վերջինս էլ ինչ-որ տարածք տրամադրել կամ տրամադրելու է Հայաստանի Հանրապետությանը: Գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգից առաջիկայում ժամանելու են ներկայացուցիչներ՝ հյուրանոցին ու ճոպանուղուն վերաբերող հարցերը քննարկելու համար: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի արդեն կսվեն ոչ միայն մետրոյի կայարանի, այլ նաեւ ճոպանողու շինարարության աշխատանքները:
Աղբյուրը` armtimes.com