Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲԴԽ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պետ Արման Խաչատրյանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դիմումի տեքստը նաև, որը ներկայացնում ենք ստորև.
«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ,

Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորու­թյունները 2019 թվականի մայիսի 24-ից համարեք դադարած:
Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետու­թյանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարի­ներով կուտակված ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ:
Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես մի­ջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գոր­ծունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի:
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ կոչ էր արել քաղաքացիներին արգելափակել դատարանների ելումուտը, որին հետևեց նրա ելույթը: Ելույթում Փաշինյանը խոսեց դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Այս կոչին հետևեցին մի շարք արձագանքներ, այդ թվում՝ միջազգային կառույցներից: ԲԴԽ-ն կոչի օրը արտահերթ նիստ էր հրավիրել, ապա հայտարարել, որ երկրորդ նիստ կլինի Փաշինյանի հայտարարությունից հետո, սակայն նիստը չկայացավ: