Վարկեր մարող նպաստառուներին նպաստից զրկելու որոշում կա՞. Զարուհի Բաթոյանի արձագանքը

Վարկեր մարող նպաստառուներին նպաստից զրկելու որոշում դեռ չի կայացվել: Ստեղծվել է աշխատանքային խումբը, հարցը քննարկվում է, բայց համահարթ մոտեցում չի լինելու: Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Վարչապետի հանձնարարությամբ ընտանեկան նպաստի համակարգը վերանայելու ուղղությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Սրա վերանայման արդյունքում պետք է ընտանեկան նպաստի համակարգը դարձնենք ավելի հասցեական, ճկուն»,- ասաց նա:
Հարցին, թե վարչապետի նշած 11 հազար 281 վարկեր մարող նպաստառուները զրկվելո՞ւ են նպաստից, Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Վարչապետի գրառման նպատակը քննարկում կազմակերպելն էր և կարծիքներ հարցնելը, ինչը շատ կարևոր եմ համարում: Այս պահին որևէ որոշում չունենք, թե ինչ պետք է լինի, բայց աշխատանքային խումբը, որը կազմվել է, նաև այս հարցը պետք է քննարկի, և մենք պետք է ունենանք հստակ չափորոշիչներ, պետք է այդ ամբողջ համակարգը վերանայվի»:

Նրա խոսքով՝ մինչև սեպտեմբեր աշխատանքային խումբը վերանայած կլինի նպաստների ամբողջ համակարգը:
Զարուհի Բաթոյանը անձնական կարծիքով՝ շատ կարևոր է այս հարցում անհատական մոտեցումը՝ անհատական աջակցման մեթոդը:
«Եթե նպաստառուն վարկը վերցրել է առողջական խնդիրների լուծման համար կամ որևէ այլ դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառով, սա այլ տարբերակ է, բայց եթե կան մարդիկ, որ իսկապես չարաշահելով՝ օգտվում են նպաստի համակարգից և միևնույն ժամանակ ամսական 1 մլն դրամից ավելի վարկ են մարում, սա այլ հարց է: Ընդհանուր, համահարթ մոտեցում չի լինելու, դա լինելու է հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում»,- նշեց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկացմամբ՝ 6 նպաստառու ամսական 1 մլն դրամ և ավելի վարկ է մարում. «Թե ովքեր են և ինչպես են փակում, չեմ կարող ասել: Մենք անձնավորված տեղեկություններ չունենք և դրա իրավունքը չունենք, մեզ պարզապես թվային տեղեկատվություն է տրամադրել Կենտրոնական բանկը»: