Ճանապարհային որ խախտումների դեպքում որքան բալ է հանվում. կառավարությունն ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրինագիծը

ՀՀ ոստիկանությունը գլոբալ փոփոխություններ է առաջարկում Ճանապարհային երթևեկության օրենքներում։ Նոր փոփոխությունների արդյունքում վարորդներին կտրվեն միավորներ, իսկ խախտման դեպքում` կզրկեն դրանցից։
ՀՀ ոստիկանությունը լայնածավալ փոփոխություններ է առաջարկում ճանապարհային երթևեկության և անվտանգության մի շարք օրենքներում։ Օրինագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։
Նրա խոսքով` նոր օրենքով նախատեսվում է 100 խախտումներից 26–ի դեպքում նվազեցնել այսօր գործող տուգանքների չափերը` 10–ի դեպքում` մինչև 50 տոկոսով, 16-ի դեպքում ` 50 և ավելի տոկոսով։


«Մեր կանխատեսումներով, բյուջետային մուտքերը այս փոփոխությունների արդյունքում կկրճատվեն շուրջ 2.7 մլրդ դրամով, բայց այն զգալիորեն կթեթևացնի քաղաքացիների սոցիալական կամ վարչական բեռը»,– ասաց Քոչարյանը։
Բայց տուգանքները մեղմելուն զուգահեռ ներդրվելու են երթևեկության անվտանգությունն ապահովող այլ միջոցներ` մասնավորապես` տուգանային միավորներ։
Ասել է թե`ոստիկանությունն առաջարկում է խախտումներ անող վարորդներին պատժելու բալային մեխանիզմ ներդնել։ Հովհաննես Քոչարյանի ներկայացմամբ` վարորդական իրավունք ստացող վարորդին տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազելու են 0.5-4 միավորի չափով` կախված խախտման տեսակից ու ծանրությունից։
Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով նա կզրկվի վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։
Ընդ որում, վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդներին իրավունք է տրվելու մինչև ժամկետի լրանալը տեսական քննություն հանձնել ու ավելի շուտ վերականգնել կորցրած իրավունքը։ Ոստիկանության համոզմամբ`այս կարգը կնպաստի, որ վարորդները պարբերաբար թարմացնեն ՃԵԿ իրենց գիտելիքները։
«Պատահարների վիճակագրական տվյալները շարունակում են մնալ մտահոգիչ։ Ակնհայտ է, որ տուգանքների բարձրացումը, որը նախորդ տարիներին իրավախախտումներին արձագանքելու գրեթե միակ գործիքն էր, այլևս ի զորու չէ նվազեցնել պատահարների թիվն ու մեղմել դրանց հետևանքները։ Ավելին` դրանց բարձրացումը սոցիալական լուրջ դժգոհությունների պատճառ է հանդիսացել»,–ասաց Քոչարյանը` միաժամանակ կարևորելով վարորդների գիտելիքների բարձրացումը։
Ի դեպ, առաջարկվող օրենքներով, անսթափ վիճակում վարելու համար գործող 150 000 տուգանքի փոխարեն սահմանվելու է 29 000 դրամ տուգանք, բայց միաժամանակ անսթափ վարորդից հանվելու է 4 տուգանային միավոր։ Իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում վարորդը 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտ կամ տաքսի է վարում, ապա նա հենց առաջին խախտման դեպքում կկորցնի վարորդական իրավունքը` 6 ամսով։
Միավորների հաշվարկը համապատասխանեցվել է այսօր գործող տուգանքների չափերին։
Այսպես` 5000 տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալ։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ–ով գերազանցելը, որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։ Իսկ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51-80 կմ/ժամ–ով գերազանցելու և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։
«Հարգելի քաղաքացիներ, մի կորցրեք ձեր միավորները» ,– նախագծերի ներկայացումից հետո քաղաքացիներին կոչով դիմեց նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Երկարատև ու հանգամանալից քննարկումից հետո կառավարությունը հաստատեց օրինագծերի փաթեթը, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։