Եվ՛ աշխատանքը, և՛ կրթություն. Աշխատող ուսանողների եկամտահարկը կուղղվի ուսման վարձին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորերն արդեն մեկ շաբաթ է՝ շրջանառության մեջ են դրել աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ այս նախագծով փորձում են զուգահեռաբար խրախուսել և՛ աշխատանքը, և՛ կրթությունը։
«Եթե ուսանողներն ուսմանը զուգահեռ կարողանում են առաջադիմություն ցուցաբերել, ինչպես նաև աշխատում են, ապա կարծում ենք, որ ճիշտ կլինի, որ պետությունը խրախուսական միջոց կիրառի՝ ուսանողի եկամտահարկը տարեկան կտրվածքով վերադարձվի ուսման վարձի չափով։ Արդեն աշխատողների մասով ասեմ, որ աշխատողներն այսօր, եթե ցանկության դեպքում հնարավորություն ունեն լրացուցիչ կրթություն ստանալ՝ ստանալով 2-րդ մասնագիտություն կամ մագիստրատուրա ավարտել»,- մանրամասնեց Գաբրիելյանը։

Վերջինս կարևորեց, որ նախագծով հնարավորություն է տրվում եկամտահարկն ուսման վարձին ուղղել ոչ միայն հիմնական աշխատողի. օրինագծի տված հնարավորությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող անձինք։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ խոսեց օրենսդրական նախաձեռնության շարժառիթից։ Նա նշեց, որ կրթությունն իրենց համար առաջնային նշանակություն ունի, ապա նկատեց, որ իրենց քաղաքական թիմի քննարկումներում ու ռազմավարական պլանավորման ընթացքում նախանշել էին այն ուղղությունները, որոնցով պատրաստվում են հանդես գալ։

«Մեր քաղաքականությունը բոլոր ուղղություններով հետևյալն է՝ մի կողմից խրախուսում ենք անհատի զարգացումը, մասնագիտական որակների բարձրացումը,  միևնույն ժամանակ, պարտավորվում ենք որոշակի երաշխիքներ տրամադրել և օգնել։ Չափազանց կարևորում ենք հանրային քննարկումը, առաջարկները, որոնք ստանում են բուհերում՝ փորձագետների, դասախոսական կազմի, ինչու չէ նաև ուսանողների կողմից»,- նշեց Լիլիթ Մակունցը։ 

Պատգամավորն ասաց, որ այս քննարկումների մեջ իրեն զարմացրել է որոշ գործատուների դժգոհությունը։ Նա ենթադրում է, որ դա կապված է ուսանողներին՝ որպես աշխատուժ, օրինական դաշտ բերելու ու հարկեր ձևակերպելու հետ։ 

«Ակամայից  լուծվեց նաև այլ խնդիրը՝ ուսանողներին օրինական աշխատաշուկա բերելը, ինչն էլ հետագայում նրանց հնարավորություն կտա սոցիալական երաշխիքներից օգտվելու»,- շարունակեց Մակունցը։