«Նման վիճակագրություն չկա». Սեքսոպաթոլոգը՝ իմպոտենցիայի մասին Փաշինյանի հայտարարության մասին

«Նման վիճակագրություն չկա: Ինձ թվում է՝ ցանկացած նման հայտարարության հիմքում պետք է վիճակագրություն լինի: Եթե պարոն վարչապետը նշում է, որ  սեռական անգրագիտությունն ամուսնական առաջին գիշերվանից հետո հանգեցնում է  սեռական իմպոտենցիայի, ապա դրա հիմքում պետք է բացառապես ընկած լինի սեքսոպաթոլոգի կողմից  տրված վիճակագրությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով մայիսի 8-ին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իմպոտենցիայի մեծ մասն առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի արդյունք է, ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 5,5 ժամ տևողության իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասն արդյունք է առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի։ Բա մեր ավանդական ընտանիքի խնդիր չի՞ դա, մեր ժողովրդագրական վիճակի խնդիր չի՞, դա լուրջ պրոբլեմ չի՞»։
Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ հավելեց, որ այդ հարցով վիճակագրություն չկա:
«Առաջին ամուսնական գիշերն ավելի ճակատագրական, սթրեսային է կնոջ, քան տղամարդու համար: Շատ զույգեր կան, ովքեր այդ գիշերվա ձախողման «զոհերն» են: Ելնելով սեռական դաստիարակության որոշ առանձնահատկություններից, տիպերից, լինում են դեպքեր, երբ կնոջ մոտ առաջանում է սարսափելի վախ, և դա կարող է ոչ թե ամիսներ, այլ տարիներ տևել: Չիմանալով, որ դա բուժելի է,  հաճախ դիմում են ոչ մասնագետների՝ վախ չափող, բախտագուշակների, հարևանների… Իսկ իմպոտենցիան ունի բազմաթիվ այլ պատճառներ՝ հոգեբանական և ֆիզիոլոգիական: Այսինքն՝ առաջին ամուսնական գիշերվա ձախողումն այս առումով առաջին տեղում չէ, մի շարք այլ պատճառներ կան».- նկատեց Վրեժ Շահրամանյանը:
«Ես չէի, ասի, որ մեր մշակույթն անգրագետ է սեռական ոլորտի հարցերում՝ ընդամենը վկայակոչելով մեր ժողովրդական երգերը, բանահյուսությունը՝ սկսած Սասունցի Դավթից: Դա պարզապես չի մեկնաբանվում և չի հասցվում երեխային՝ մեր լեզվով, որովհետև ռազմահայրենասիրական կրթությունն է կարևորվում, չնայած այդտեղ սեռականը նույնպես ընդգծված է»,- հավելեց հոգեբանը:
Աղբյուրը՝ 168.am