Ազատության հրապարակում հավաքի ժամանակ դանակահարել են PARA TV-ի աշխատակցին

PARA TV-ի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել՝ նշելով. «PARA TV-ի հարգելի հեռուստադիտողներ և գործընկերներ, քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այսօր երեկոյան տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել մեր հնչյունային օպերատորը: Հաստատում ենք տեղեկությունը, բայց այս պահին այլ մանրամասներ դեռևս հայտնել չենք կարող, քանի որ իրավապահները մեզ թույլ չտվեցին խոսել մեր աշխատակցի հետ: Նա այժմ գտնվում է հիվանդանոցում. բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասների տիրապետելուն պես կիրազեկենք հանրությանը:
Անչափ շնորհակալ ենք անհանգստության և սատարման պատրաստակամության համար»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ազատության հրապարակում մի խումբ «հերոսներ» հավաք էին կազմակերպել ու արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվականի աշխատակիցներից մեկին դանակահարել են։