«Մարտի 1»-ի գործի շրջանակում ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Քննիչի կողմից Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-ասել է նա և նշեց, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել այս պահին:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: