Հունաստան-Հայաստան` 2:3. մեր հավաքականը Աթենքում պարտության մատնեց Հունաստանի ընտրանուն

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Աթենքի Օլիմպիական մարզադաշտում 3:2 հաշվով հաղթանակ տարավ Հունաստանի ընտրանու նկատմամբ:

Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին. մեն-մենակ դուրս գալով Հունաստանի հավաքականի դարպասապահի դեմ՝ Ալեքսանդր Կարապետյանը շրջանցեց նրան և սուր անկյունից գրավեց անպաշտպան մնացած դարպասը: 33-րդ րոպեին անհատական վարպետությամբ աչքի ընկավ Գևորգ Ղազարյանը, պտտեցրած հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը և կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում Հունաստանին հաջողվեց արագորեն կրճատել հաշվի տարբերությունը: 54-րդ րոպեին աչքին ընկավ Կարլոս Զեկան, սակայն 74-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը ևս մեկ գնդակ ուղարկեց Հունաստանի հավաքականի դարպասը՝ դարձնելով հաշիվը՝ 1:3: 87-րդ րոպեին էլ Հունաստանի ընտրանու կիսապաշտպան Կոստաս Ֆորտունիսը, շրջանցելով Հայաստանի հավաքականի ամբողջ պաշտպանական գիծը, հայտնվեց դարպասապահ Արամ Հայրապետյանի առաջ և գրավեց նրա պաշտպանած դարպասը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին, չնայած որ երկու թիմերն էլ շանսեր ունեցան:

Եվրո-2020-ի ընտրական J խմբի մյուս խաղերում Իտալիան սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային, իսկ Ֆինլանդիան հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտային:

Այսօրվա հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը իր ակտիվում գրանցեց 6 միավոր և բարձրացավ J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: Հիշեցնենք՝ հունիսի 8-ին մեր հավաքականը Երևանում 3:0 հաշվով հաղթել էր Լիխտենշտայինին, իսկ մարտին պարտություններ կրել Բոսնիա և Հերցեգովինայից ու Ֆինլանդիայից:

J խմբի առաջատարը Իտալիան է՝ 12 միավորով, Ֆինլանդիան 2-րդը՝ 9 միավորով: Հայաստանի հավաքականի մոտակա հետապնդողներ Հունաստանն ու Բոսնիա և Հերցեգովինան 4-ական միավորով բաժանում են 4-5-րդ հորիզոնականները, իսկ Լիխտենշտայնը դեռևս միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: