Առանց դատավորների աշխատավարձի բարձրացման, չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ. 3 տարի անց դատավորները, օրինակ՝ կարող են ստանալ 2.5-3 մլն դրամ աշխատավարձ. վարչապետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ դատական անկախ համակարգ: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք այսպիսի երևույթ, երբ դատավորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներում եղել է, այսպես կոչված, недабор: Այսինքն` դատավոր լինելու հավակնորդների թիվը ավելի քիչ է եղել, քան դատավոր դառնալու ցանկություն ունեցողների թիվը: Ինչու, որովհետև մարդն ասում է՝ ես գնամ 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ, մեկին ցմահ ազատազրկման դատապարտեմ, մեկին` 15 տարվա, մեկի գույքային հարցը լուծեմ և այլն»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն այսօր բյուջետային առումով հնարավորություն ունի բարձրացնել դատավորների աշխատավարձը, բայց դատավորների աշխատավարձերի բարձրացումն այս պահին ճիշտ չի ընկալվի հանրության կողմից: Ըստ նրա՝ դատական համակարգի բարեփոխումների ընթացքում պետք է աշխատավարձերը բարձրացվեն:
«Եթե այսօր որոշենք դատավորների աշխատավարձը բարձրացնել, հանրությունը մեզ չի հասկանա: Հանրությունը մեզ չի հասկանա, որովհետև կասեն՝ սոցիալական այս իրավիճակում փոխանակ այս կամ այն խնդիրը լուծեք, բռնում դատավորների աշխատավարձն եք բարձրացնում: Բայց եթե դատավորների աշխատավարձը չբարձրացվի, այն լուրջ մասնագետը չի ուզի 400 հազար դրամով գա, դատավոր աշխատի և իմանա, որ կաշառք չի վերցնելու»,- ասաց վարչապետը:
Դատավորների աշխատավարձի բարձրացման մոդելը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետևյալն է՝   ստեղծվում է հակակոռուպցիոն դատարան, միջազգային դոնորներ են ներգրավվում, որոնք առաջին 3 տարիների աշխատավարձերի բեռը վերցնում են իրենց վրա:
«3 տարի դատական բարեփոխումների ընթացքում և դրանից հետո, որ ժողովուրդը տեսնի անկախ դատական համակարգը, օգուտ է բոլորին՝ պետությանը, ժողովրդին, տնտեսությանը և այլն, 3 տարի հետո մենք կարող ենք ժողովրդին համոզել, որ բյուջեից պետք է գումար տրամադրել դատավորների աշխատավարձերի բարձրացման համար: Այդ 3 տարվա ընթացքում թոշակ էլ կբարձրացնենք, ամեն ինչ էլ կանենք և կասենք՝ ժողովուրդ, հիմա դատավորները պետք է ստանան ամսական, օրինակ՝ 2.5-3 մլն դրամ աշխատավարձ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: