Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա 3 զոհ, 5 վիրավորներից 2-ը երեխաներ են. մանրամասներ

Հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen և BMW X5 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մանուկյանը, BMW-ի վարորդ Հ. Հայրապետյանը, նրա ուղևորները՝ 64-ամյա Անյուտա Մովսիսյանը, 9-ամյա Նարեկ Սաֆարյանը, 9-ամյա Ալիսա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի տեղում մահացել են:

9-ամյա երկու երեխաներն արդեն լուսաբացին տեղափոխվել են Երևան՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: «Տղա երեխայի մոտ կա փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, աջ ազդրի կոտրվածք՝ տեղաշարժով: Ներկա պահին ձգում է դրվում, կտեղափոխվի վնասվածքաբանական բաժին: Աղջկա մոտ գրանցվել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում: Նա նույնպես կտեղափոխվի համապատասխան բաժանմունք: Երեխաները գտնվում են Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության ներքո: Երկուսի վիճակն էլ գնահատվում է միջին ծանրության»,- այս մասին «Առաջին Լուրեր»-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: